Զգալիորեն նվազել է մոլիբդենի և պղնձի արտահանումը

2025 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում կրճատվել է գրեթե բոլոր արտահանվող ապրանքների թողարկումը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրությունը հունվար–փետրվարին (2024 թվականի նույն ամիսների համեմատ) ընդհանուր առմամբ նվազել է 19,4 տոկոսով։

Գրեթե 7 անգամ նվազել է մետաղագործական արտադրանքի արտադրությունը` կազմելով 35,6 մլրդ դրամ։ Մոտ մեկուկես տարի առաջ այստեղ ծավալներն աճել են ներմուծված ոսկու ձուլակտորների մշակման շնորհիվ, որոնք այնուհետև երրորդ երկրներ են վերարտահանվել ոսկերչական իրերի արտադրության համար։

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա, օրինակ, ֆերոմոլիբդենի արտադրությունը նվազել է 31.2%–ով, ալյումինե փայլաթիթեղինը՝ 4.3%–ով: Ե՛վ փայլաթիթեղը, և՛ ֆերոմոլիբդենը Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվող հիմնական ապրանքներն են։

Գրեթե 30%–ով կրճատվել է Հայաստանից արտահանվող հիմնական հումքային ապրանքի՝ պղնձի խտանյութի արտադրությունը։ 35%–ով նվազել է նաև մոլիբդենի խտանյութի արտադրությունը։

Նկատելիորեն նվազել է կոնյակի և գինու արտադրությունը, կոնյակի արտադրությունը` նվազել է գրեթե երկու անգամ կամ 45,3%–ով, իսկ գինու արտադրությունը` մեկ երրորդով կամ 33,3%–ով։

16,5%–ով կրճատվել է նաև հագուստի արտադրությունը, որը տեղի գործարանները կարում են Եվրոպայի և Ռուսաստանի պատվերով։

Արտահանման զգալի ծավալներ ունեցող մյուս ապրանքներից բավականին աճել է ծխախոտի արտադրությունը` մինչև 7,3 մլրդ հատ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print