Հայաստանը պատրաստ է նույնիսկ վաղը ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով, Հայաստանը պատրաստ է դա անել առանց նախապայմանների։
Մեկնաբանելով Անթալիայում իր թուրք գործընկեր Սերդար Քըլըչի հետ վերջերս կայացած հանդիպման արդյունքները՝ Ռուբյանինը նշել է, որ քննարկվել է կարգավորման ողջ սպեկտրը, բոլոր պայմանավորվածությունները, որոնց մի մասը կատարվել է, մի մասը՝ ոչ։ Նա պարզաբանել է, որ վերջերս Ստամբուլում Անիի կամրջի վերականգնման հետ կապված տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել։
Մարգարայի անցակետի հարցի վերաբերյալ Ռուբինյանը նշեց, որ հայկական կողմը կատարել է պայմանավորվածությունը, իսկ հայկական կողմից անցակետը պատրաստ է։ «Սպասում ենք թուրքական կողմին, այս հարցի հետ կապված ոչ մի նորություն չկա»,- հավելել է Ռուբինյանը։
Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը այն պայմանավորվածություններից է, որը չի կատարվել և ոչ Հայաստանի մեղքով, նշել է հատուկ բանագնացը։