Կենսաթոշակառուները նպաստառուների համակարգից դուրս են մնում ինքնաշխատ եղանակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, տեղեկացնում է news.am—ը։
Անդրադառնալով խնդրին, թե կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվել են նպաստից, քանի որ այլեւս չեն համարվում անապահով, նախարարը պարզաբանեց. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ գոյություն ունի: Երբ ընտանիքների եկամուտների փոփոխություն է տեղի ունենում, այդ փոփոխությունն իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ այն կորցնելուն: Դա տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով:
Նրանք, որոնք գտնվել են սահմանային միավորի միջակայքում, իրենց վրա այդ ազդեցությունը եղել է: Հիմա մենք մշակում ենք անապահովության գնահատման նոր համակարգ, 2023-ի կեսից այդ համակարգը կունենանք: Օրինակ, մենք ունենք աշխատունակ տարիքի գտնվող եւ աշխատունակ մարդկանց մեծ խումբ, շուրջ 40 հազար, որոնք կարող են աշխատել, բայց շարունակում են պետությունից աջակցություն ստանալ: Զուհագեռաբար մեր մոտեցումը պետք է լինի աշխատանքի խրախուսումը: Դրան զուգահեռ մշակում ենք աշխատանքի ռազմավարությունը, որի հիմնաքարային սկզբունքներից մեկը աշխատանքով մարդկանց անապահովության համակարգից դուրս բերելն է»:
Նախարարի խոսքով, քանի որ թոշակների բարձրացման արդյունքում անապահով թոշակառուների ինչ-որ մի խումբ դուրս է եկել անապահովության համակարգից, իրենք այդ խնդրի լուծման մի քանի տարբերակներ են քննարկում. «Կփորձենք դրանցից մեկի շուրջ ձեւավորել կոնսենսուս, որ այս խնդիրը լուծվի:
Մենք հենց հնարավորություն ունեցել ենք թոշակները, նպաստները բարձրացնելու, միանգամից բարձրացրել ենք»,-եզրափակել է նախարարը: