Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով թուրքական «Hurriyet»-ը։
Բացի դրանից, մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ` օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, և Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև այս տարեվերջ: Այսինքն` այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրմանը, ապա այս հարցում, ըստ թերթի, խնդիրներ կան: Մասնավորապես, սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը վերանորոգման կարիք ունի: Այս հարցի առնչությամբ շաբաթներ առաջ փորձագետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել։ Սակայն գործնական քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները: