Արցախը Հայաստանին կապող մայրուղին շարունակում է փակ մնալ։ Տեղեկությունը հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն»-նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: