Միանվագ դրամական աջակցություն՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքների բնակիչներին

Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, միանվագ դրամական աջակցություն է տրամադրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սեպտեմբերին ադրբեջանական սադրանքի հետևանքով տուժած մի շարք համայնքների բնակիչներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ աջակցություն են ստացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն, և Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչները:  Ընդհանուր թվով  459 ընտանիք (1565 անձ) ստացել է 150.000-ից 362.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

«Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 ՀՀ դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 ՀՀ դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 ՀՀ դրամ, չորս անձից բաղկացած  ընտանիքին՝ 313.500 ՀՀ դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362.000 ՀՀ դրամ։ Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդանուր առմամբ տրամադրել է 124.208.000 ՀՀ դրամի աջակցություն: Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից՝ տեղական իշխանությունների համակարգմամբ։ Այնուհետև ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում շահառու ընտանիքներին»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print