Հայկական և վրացական երկաթուղային ընկերությունները քննարկել են 2023-ի համագործակցության ծրագրերը

Օրերս Թբիլիսիում կայացել է «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպումը, որի ընթացքում նախանշվել են 2023 թվականին ընկերությունների համագործակցության ծրագրերը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման շրջանակներում քննարկվել են միջազգային ուղևորափոխադրումների զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել է 2023 թվականի ամառային ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության կարգը, կողմերը համաձայնության են եկել վերականգնել Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի ամենօրյա երթևեկությունը նախատեսող երթևեկության ժամանակացույցը։ 2023 թվականի 1-ին եռամսյակում կանցկացվի խորհրդակցություն ՀԿԵ  և  «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների միջև Վրաստանի և Հայաստանի մաքսային և սահմանապահ մարմինների մասնակցությամբ ՝ ճանապարհին մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի կազմակերպման վերաբերյալ: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև «Վրացական երկաթուղի» ընկերության հետ սակագնային քաղաքականության առնչվող հարցեր, որի շրջանակներում սահմանվել են սակագնային դրույքաչափեր հացահատիկային բեռների, եղեգնաշաքարի, ցեմենտի և ցեմենտի կլինկերի փոխադրման համար։ Փոխվել են նաև կոնտեյներներով բեռների փոխադրման դրույքաչափերը։ 

2023 թվականին նախատեսվում է նաև անցում կատարել «Օրիոն-2» ճամփորդական փաստաթղթերի վաճառքի նոր ծրագրային ապահովմանը՝ ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացմամբ և հաշվի առնելով ՀԿԵ-ի առաջարկները։ Ուղևորների համար այս ծառայությունը կտրամադրի բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք հասանելի չէին համակարգի ներկայիս տարբերակում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print