Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում հանդիպեցին Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Խորվաթիան կխաղա բրոնզե մեդալների համար։
News.am—ի փոխանցմամբ՝ խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
39-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Խուլիան Ալվարեսը, որը խաղադաշտի կենտրոնում փոխանցում ստացավ Մեսիից եւ միայնակ անցում կատարեց, հետ թողեց խորվաթների պաշտպաններին եւ գրավեց Լիվակովիչի պաշտպանած դարպասը։
69-րդ րոպեին աջ թեւում գերազանց անցում կատարեց Լիոնել Մեսին, ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց Խուլիան Ալվարեսին, որը գրավեց խորվաթների դարպասը՝ 3:0: