Իրանն ու ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները՝ հասնելով համապատասխան համաձայնության։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստին»։
«Իրանի եւ ԵԱՏՄ քարտուղարության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, ինչպես նաեւ Իրանում։
Հիշեցնենք, ավելի վաղ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը նշել էր, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։