ՌԴ–ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ․ ԱԺ-ն ընդունեց Լաչինի միջանցքի մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Կողմ քվեարկեց 57 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ չկար։ Նախագծի քննարկմանն ու քվեարկությանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին։

«Ելնելով ստեղծված իրավիճակից` ՌԴ–ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ` ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ–ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար»,– ասված է ՔՊ–ի ներկայացրած հայտարարության մեջ։

ԱԺ–ն կոչով դիմեց նաև ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, որպեսզի հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print