Գիշերը դնեվալնի ենք կանգնում, լույս չունենք՝ թուրքը պատուհաններիս տակ են․ «Հրապարակ»

Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի շարք բնակիչներ ահազանգում են, որ տեւական ժամանակ է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան գյուղում։ Շուռնուխը 2020 թվականի պատերազմից հետո, բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, մասնատվեց՝ մի հատված անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Եվ ադրբեջանցի զինվորականները դիրքեր դրեցին անմիջապես գյուղի մոտակայքում ու ամեն օր զբոսնում են շուռնուխցիների տներից մի քանի մետր հեռավորության վրա։ Չնայած գյուղում տեսախցիկներ են տեղադրվել, եւ ռուս սահմանապահներ էլ կան, սակայն դրանից անվտանգային խնդիրները չեն լուծվել, եւ մարդիկ ապրում են թշնամու հետ կողք-կողքի` վտանգն աչքի առաջ։

Իսկ հոսանքի հաճախակի անջատումներն ուժեղացնում են վտանգի զգացումը, քանի որ լույսն անջատվելու պարագայում, բնականաբար, տեսախցիկներն էլ չեն աշխատում:

«Գիշերը ստիպված դնեվալնի ենք կանգնում ես ու ամուսինս, ձայներին ենք ուշադիր լինում, մի չխկոց ենք լսում՝ դուրս ենք գալիս ստուգելու, փողոցի լույսերն էլ են անջատվում, անվտանգային լուրջ խնդիր ա․․․ թուրքը պատուհաններիս տակ պտտվում է, մթի մեջ նստած ենք, ի՞նչ անենք՝ թողնենք գյուղից գնա՞նք»,- պատմում է Շուռնուխի բնակչուհի Հասմիկ Հարությունյանը։ Իսկ հոսանքի անջատումների պատճառն այն է, որ էլեկտրական հոսանքագծերը լավ ձգված չեն, սյուները հին են՝ ամեն ուժեղ քամուց վայր են ընկնում, վթար է լինում:

Կապ հաստատեցինք Գորիսի էլեկտրացանցի տնօրեն Էդիկ Արզումանյանի հետ, ով մեզ ասաց, որ խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում:

«Հոսանքը որտեղից որ գնում է՝ 3 կմ հեռավորության վրա է ենթակայանը, հոսանքը գնում է անտառների միջով, սարերով։ Հաճախակի չի անջատվում՝ ճիշտ չեն ասում: Այս քանի օրը եղանակային այս պայմաններում շատ վատ եղանակ է եղել, ու քամիները շատ ուժեղ են եղել, դրա պատճառով են խնդիրները: Այս պահին այնտեղ հոսանք կա: Երկար գիծ է, հեռու տեղ է, այստեղից մարդ պետք է գա, որ վերականգնի։ Այնպես չէ, որ հին գիծ է, կամ չենք հետեւում։ Նման բան չկա՝ ընդհակառակը»,- ասաց էլցանցի տնօրենը։

Սյունիքում բոլոր էլեկտրական սյուներն էլ հին են, այնպես չէ, որ մյուս տեղերում նոր սյուներ են, իսկ Շուռնուխինը հին են: «Քամին այնքան ուժեղ է, որ Շինուհայրում, այլ տեղերում էլ այդ քամիներից անջատվում է: Ինչքան էլ նոր լինի, ձիգ լինի, այստեղի քամիները շատ ուժեղ են՝ անջատվում են: Բացի այդ, ճանապարհը երկար է, նախկինում Որոտանում էր, հիմա Տաթեւով ենք գնում: Դժվարություններ կան, այնպես չէ, որ հիմնարկը Շուռնուխում է, ու հոսանքը գնում է: Այստեղից պիտի գնանք այնտեղ, որ կարողանան վերականգնել»,- ասաց Արզումանյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print