Անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե միջանցք տրամադրելու հարցով Հայաստանը բանավոր խոստում է տվել որևէ մեկի։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միջանցքի շահարկման թեմային, տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան։
«Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը` պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի։ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։
«Եռակողմ հայտարարությունն այդ առումով ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և ՀՀ–ն ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,-նշել է ՀՀ վարչապետը։