Խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է, իսկ ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները՝ հակաարդյունավետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը:
«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լարումը նվազեցնելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրասնպորտային հաղորդակցությունը կվերականգնվի», – ասել է դիվանագետը:
Զախարովան շեշտել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը և գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անդրադարձել է ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներին:
«Ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները և սադրիչ գործողությունները, անկախ նրանից, թե ում կողմից են արվում, անթույլատրելի են և հակաարդյունավետ: Ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր», – եզրափակել է Զախարովան: