Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Մարոկկոյի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը (տեսանյութ)։
79-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը մի քանի վայրկյան էր դուրս եկել փոխարինման։ Գոլային գրոհը տուգանային հրապարակում ձեռնարկել էր Կիլիան Մբապեն, սակայն Մարոկկոյի թիմի պաշտպանից գնդակը հայտնվեց Կոլո Մուանիի մոտ (տեսանյութ)։
Հանդիպմանը տրիբունայից հետեւում էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության է մատնել 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։
Դեկտեմբերի 17-ին Խորվաթիան ու Մարոկկոն կվիճարկեն բրոնզե մեդալները։