Կաշենի հանքավայրի հետքերով

Ադրբեջանի իշխանությունը Լաչին ուղարկած «բնապահպանների» միջոցով փորձում է իր ակնհայտ նվաճողական նկրտումները ներկայացնել մասնավորապես Կաշենի հանքավայրի նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը։

Սարգիս Շահազիզյան

«Այսօր ամբողջ աշխարհում է ռեսուրսների կռիվ գնում, դա բնական է։ Բայց տվյալ դեպքը միայն ռեսուրսի խնդիր չէ։ Այստեղ առաջին տեղում Ադրբեջանի նվաճողական, հող զավթելու նպատակն է։ Թեկուզ այդ հողում ոչինչ չանեն, բայց զավթեն ու պահեստում ունենան»,– ասաց նա։

Հարցին՝ ինչու հատկապես Կաշենի հանքավայրը, Շահազիզյանը պատասխանեց՝ Կաշենի պղնձի հանքավայրն այսօր Արցախի ամենախոշոր ու ամենաեկամտաբեր հանքավայրն է, կառուցված ժամանակակից մեթոդներով ու միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան։ Մնում է զավթել ու վայելել, ինչն աներկբայորեն տեղավորվում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մեջ։

«Դրմբոնի մասին չեն խոսում, որովհետև Դրմբոնի պաշարներն արդեն մարված են։ 2017-18 թթ–ից հետո Դրմբոնում հանույթ չի կատարվում։ Այնպես որ, Դրմբոնն իրենց արդեն հետաքրքիր չէ»,– ասաց նախկին նախարարը։

Սարգիս Շահազիզյանը 2012-17թթ–ին աշխատել է Արցախի Շահումյանի շրջանում երկրաբանական հետախուզում իրականացնող գերմանական «Խրոնիմետ մայնինգ» ընկերությունում և հիշում է, որ պատերազմից դեռ տարիներ առաջ, երբ այդ տարածքները ԼՂՀ–ի կազմում էին, Ադրբեջանն այդտեղ գտնվող հանքավայրերի տարածքները շահագործման իրավունքով արդեն հանձնել էր անգլիական «Anglo Asian Mining PLC» ընկերությունը։ Այն 2 գրասենյակ ունի. մեկը Լոնդոնում է, մյուսը` Բաքվում։

Ի դեպ` «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաշվետվությունների նախագիծ» միջազգային հարթակը դեռ 2016թ–ին էր բացահայտել Ալիևների կլանին պատկանող հանքարդյունաբերական կայսրության որոշ գաղտնիքներ։ Դրանց համաձայն` Ադրբեջանի ամբողջ ոսկու ու պղնձի արդյունաբերությունը տնօրինող «Anglo Asian Mining PLC» ընկերությունը հիմնադրվել է դեռ 1990թ–ին Հեյդար Ալիևի օրոք, բայց «RV Investment Group Services LLC» անվամբ։

Հատկանշական է, որ այս ընկերության պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն` այն իր հանքարդյունաբերական գործունեությունը ծավալում է բացառապես Ադրբեջանում ու նաև Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում։

Ընկերության կայքի տվյալներով` «Anglo Asian Mining PLC»–ն 44-օրյա պատերազմից հետո շահագործում է Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ Կովսականի շրջանում (Զանգելան) գտնվող Վեյնալիի հանքավայրը, որի հանքաքարը վերամշակվում է Օրդուբադում:

«Anglo Asian Mining PLC» ընկերության պաշտոնական կայքը, որտեղ ԼՂ Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրը ներկայացված է որպես ընկերության կողմից 2022 թվականի հուլիսի 5-ին ձեռք բերված տարածք © Photo : Anglo Asian Mining PLC

Էլ ավելի հետաքրքրական է, որ «Anglo Asian Mining PLC» ընկերության պաշտոնական կայքում Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրը ներկայացված է որպես ընկերության կողմից 2022 թվականի հուլիսի 5-ին ձեռք բերված տարածք։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են արտոնագրի ժամկետը երկարացնել մինչև 2027թ–ն։

Իրականում Կաշենի պղնձի հանքավայրն ինչպես նախկինում, այնպես էլ 2020թ–ի 44-օրյա պատերազմից հետո մնացել է Արցախի հայկական տարածքում։ Այն գտնվում է Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղից 2.5 կմ հարավ–արևելք, որից էլ ծագում է հանքավայրի անվանումը։

2013 թվականից առայսօր Կաշենի հանքը շահագործում է «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ 2002թ–ից նույն ընկերությունը շահագործում էր նաև Դրմբոնի պղնձի, ոսկու հանքավայրը, որի պաշարները սպառվելուց հետո ընկերությունը Ծաղկաշենում նոր լեռնահանքային համալիր կառուցեց։ Ի դեպ` Դրմբոնի հանքը նույնպես այսօր Արցախի վերահսկողության տակ է։

«Բեյզ Մեթըլս» ընկերությունը գրանցված է ԼՂՀ–ում, գրասենյակը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այն Արցախի ամենախոշոր հարկատուն է և ապահովում է ԼՂՀ–ի ՀՆԱ–ի շուրջ 13%–ը` տարեկան 8-18.7 մլրդ դրամի հարկեր վճարելով։

Մետաղական մեծ ու փոքր հանքավայրերից բացի, Արցախը հարուստ է նաև երեսպատման քարերի հանքավայրերով։ Դրանց մեծ մասը, Սարգիս Շահազիզյանի տեղեկություններով, մնացել է Արցախի վերահսկողության տակ։

«Արցախում շուրջ 300 հանքավայրեր ու հանքաերևակումներ կան։ Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ Արցախում շուրջ 30-35 հանքային ջրերի երևակումներ` աղբյուրներ կան, շուրջ 25 պղնձի երևակումներ կան, ոսկու և՛ երևակումներ, և՛ հանքավայրեր, սնդիկի, ծծմբի կոլչեդանի, ծարիրի (սուրմա), երկաթի բավական մեծ հանքավայրեր ու հանքաերևակումներ կան։ Այսինքն` Արցախը լուրջ ռեսուրսներ ունի»,– ասաց Շահազիզյանը։

Հանքավայրերն այն միավորներն են, որտեղ հետախուզումն ավարտված է, պաշարները հաշված և ներառված են պետության հաշվեկշռում։ Իսկ երևակումներն այն տարածքներն են, որտեղ նպաստավոր պայմաններ կան։ Դրանց հետախուզումը շարունակվում է, ու հավանական է, որ հետագայում դրանք դառնան հանքավայրեր։

Սարգիս Շահազիզյանի խոսքով` բնական ռեսուրսներով հարուստ է հատկապես Քարվաճառի շրջանի ընդերքը, հարակից տարածքում է գտնվում նաև Սոթքի ոսկու հանքավայրը։

«Երբ այնտեղ աշխատում էինք, մեր ռուս կոլեգաների հետ մի շաբաթ շրջում էինք այդ տարածքում, իրենք ասացին`Ребята, Карвачар – это шкатулка драгоценностей (Տղանե՛ր, Քարվաճառը թանկարժեք իրերի զարդատուփ է)»,– պատմեց մեր զրուցակիցը` ափսոսանք ու զարմանք հայտնելով արժեքավոր ու կարևոր ռազմավարական այդ տարածքը թշնամուն զիջելու համար։

Արցախի ընդերքի հարստությամբ անցած տարիների ընթացքում հետաքրքրվել են բազմաթիվ արտասահմանյան հանքարդյունաբերական ընկերություններ։ Գերմանական «Խրոնիմետ» ընկերությունը Արցախի իշխանությունների հետ համատեղ ստեղծած ձեռնարկության միջոցով Քարվաճառի Թութխուն գետի կիրճում տարիներ առաջ իրականացրել է ոսկու հետախուզման աշխատանքներ։ 10 տարի առաջ այդ ընկերության հետ աշխատած Շահազիզյանը վկայում է, որ ուսումնասիրությունների արդյունքում հետաքրքիր տվյալներ են ստացվել։ Բայց գործը շահագործման փուլին չի հասել։

«

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print