Բեռլինի Raddison Blu հյուրանոցի նախասրահում գտնվող հսկայական ակվարիումը, որի մեջ կային 1500 արևադարձային ձկներ, պայթել է՝ հեղեղելով հյուրանոցը և մոտակա փողոցները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
«AquaDom»-ն ուներ 14 մետր երկարություն և համարվում էր աշխարհում ամենամեծ գլանաձև ակվարիումը: Ըստ ոստիկանության՝ ակվարիումի պայթյունը «անհավատալի վնասներ» է հասցրել, 2 մարդ վիրավորվել է ապակու բեկորներից: Ապակու կտորները տարածվել են նաև փողոցում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակվարիումի մեջ տեղադրված էր վերելակ հյուրանոցի այցելուների համար, որի մեջից հնարավոր էր տեսնել ավելի քան 100 ձկնատեսակները: Ակվարիումն արդիականացվել էր 2 տարի առաջ: Դեպքի վայր է ժամանել ավելի քան 100 հրշեջ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:
«AquaDom»-ը բացվել էր 2003 թվականի դեկտեմբերին և հայտնվել էր «Գինեսի ռեկորդների գրքում»՝ որպես աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիում:
Նշվում է, որ այն կառուցելու համար ծախսվել է գրեթե 13 միլիոն եվրո: