Կառուցապատողները կհարկվեն սահմանված ժամկետում շինաշխատանքները չկատարելու դեպքում

Կիսակառույց շենքերը, որոնց շինարարությունը սահմանված ժամկետում չի ավարտվի, կհարկվեն։ ԱԺ–ն երկրորդ ընթեցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց` նախագիծը նրա համար է, որ կառուցապատողները չչարաշահեն իրենց տրված արտոնությունները, ու ոլորտը վերահսկվի։

Այսպիսով` երբ շինարարական թույլտվության ժամկետն ավարտվում է, անավարտ շինության համար գույքահարկը կվճարվի այնպես, ինչպես կվճարվեր կանգուն շինության համար։

Կառավարությունը հիմնավորում է, որ շինություններն անավարտ են մնում, քանի որ տեղական տուրքի դրույքաչափերը շատ ցածր են։ Օրինակ` Երևանում ցանկացած գոտում շինարարության համար 5000 քմ տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 000 դրամ։

Նոր նախագծի ընդունմամբ այդ տուրքի դրույքաչափը կբարձրանա ընդհուպ մինչև 2-10 անգամ։ Իսկ սահմանված ժամկետում շինաշխատանքները չկատարելու դեպքում սեփականատերը 2.5 անգամ ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք կմուծի, քան առաջին անգամ շինթույլտվություն ստանալու համար նախատեսված դրույքաչափն է։

Նշենք, որ կադաստրի կոմիտեում 18 000 ինքնակամ կառույց կա հաշվառված, որոնք նույնպես կսկսեն հարկվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print