Նախատեսվում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել․Զաս

Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագծում կար մի կետ, որով նախատեսվում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Զասին հիշեցրին, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս հայտարարել էր, թե Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկվող փաստաթղթերը ենթադրում էին նաև ռազմատեխնիկական օգնություն, և հարցրին` կարո՞ղ է արդյոք բացել փակագծերը:

«Մանրամասները չեմ կարող բացահայտել, քանի որ առաջարկվող օգնության մասին որոշման նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեև հայկական կողմը ՀԱՊԿ–ին տվյալներ էր փոխանցել սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան` որպես օգնություն, ինչ-որ բան` ներքին գներով»,–ասաց նա։

Ըստ Զասի, դա չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը ինքնաթիռներ կժամանեին Հայաստանի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Բայց դա հնարավորություն կտար ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկով և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print