Հայաստանի Հանրապետության իշխանությունը գործով ապացուցել է, որ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։
«Պարոն Մանուկյան, դա ասելով չի. ինչպես հայտնի է, դա գործով են ապացուցում, և իշխանությունը գործով դա ապացուցել է: Նախորդ տարի մոտ 200 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, և այդ ֆինանսական աջակցությունը, կարծում եմ, տեղյակ եք, որ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության հարցեր է լուծում: Եվ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Կարծում եմ պատասխանը հստակ է»,- ընդգծեց Գրիգորյանը: