Հեռուստաընկերությունների ու ռադիոնընկերությունների անունները չպետք է նմանվեն խաղային բիզնեսի անվանումներին

Հայաստանում չի կարող լինել այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող է կապվել խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպության անվանման հետ, այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պետք է փոխեն իրենց անվանումները: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

«Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը իրավունք է ստանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, և որի անվանումը վերջին 10 տարվա ընթացքում կարող ենք ուղղակիորեն կապել կամ այն շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման, այնպիսի ապրանքանիշի հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղաղային բիզնեսով՝ շահումով խաղով, տոտալիզատորով և այլն: Այսպիսով՝ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն»,-ասաց Պապոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը վստահեցրեց՝ պետությունը տնտեսական առումով խնդիր չունի, գործարարների, բիզնեսի հետ խնդիր չունի, խնդիր ունի խաղամոլության դեմ պայքարի հարցում: Իսկ դա անուղղակի գովազդ է ստացվում, այն ուղղակիորեն ասոցացվում է խաղի հետ:

Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել և ընտրել այնպիսի անվանումներ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print